Միջազգային Հելլենիկ համալսարանում (Հունաստան) կկայանա Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (The Erasmus+ CBHE project “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագծի միջազգային աշխատաժողովը։
Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական նախագծերի ղեկավար, T-GREEN նախագծի համահամակարգող, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների (Erasmus + Higher Education Reform Experts (HEREs)) փորձագետ Արևիկ Օհանյանը մասնակիցներին կներկայացնի նախագծի բարեփոխումների ու գործողությունների շղթան, տեսլականն ու ակնկալվող վերջնարդյունքերը, եռամյա գործողություններն ու այն համատեղ մագիստրոսական ծրագրերը, որոնք նախատեսում է T-GREEN-ը:
Այս եռամյա նախագիծը բուհերում իրականացվող հետբակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որի համար առանցքային է «Կանաչ» քաղաքականությունը։ Նախագծի իրականացումը բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարել դեպի ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերին՝ խթանելով ուսանողների շարժունակությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։
Նախագծի հայաստանյան մասնակիցներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (համակարգող), Որակի ապահովման ազգային կենտրոնը,Եվրասիա միջազգային համալսարանը (համահամակագրող), Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները։
Իսկ ԵՄ գործընկերներն են՝ Միջազգային Հելլենիկ համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։