«Եվրասիա» միջազգային համալսարանում Էրազմուս+ T-GREEN նախագծի շրջանակներում ընթանում է «Ինստիտուցիոնալ քաղաքականությունն ու փորձը հանուն կրթության և հետազոտության կայուն զարգացման» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը: Այն նպատակ ունի խթանելու կայուն զարգացման ծրագրերը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում: «Եվրասիա» միջազգային համալսարանը մտադիր է ավանդական ծրագրերը փոխարինել ապագային միտված ու «կանաչ» բովանդակություն ունեցող ծրագրերով։
«Կանաչ» ու շրջանաձև տնտեսության զարգացումը կարևոր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Ժամանակակից էլոկոգիական մարտահրավերներին դիմակայելու համար աշխարհը զարգացնում է «կանաչ» կրթությունը։ Եթե ավելի պարզ՝ գիտելիքներ նոր սերնդին՝ էկոլոգիական ռիսկերը մեղմելու համար։ ԵՄ–ն կարևորում է այս ուղղության զարգացումը։ Էկոլոգիապես մաքուր տրանսպորտ, թափոնների կառավարում և այլն։ ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը կարևորում է ծրագիրը։ Հատկապես թափոնների կառավարումը նա մարտահրավեր է համարում Հայաստանի համար։ Իսկ մարտահարվերներին դիմակայելու համար մասնագետներ են պետք։
Ի՞նչ անել այսօր, որ հետագա սերունդների համար կայուն զարգացում ապահովվի։ Հարցը արդիական է ողջ աշխարհում։ Մասնագետները կարևորում են էկոլոգիական կրթությունը։ «Կանաչ կրթություն» ծրագիրը միավորել է Հայաստանի տարբեր բուհերի։ Այն դասընթաց է, որի նպաակը երեխաների համար էկոլոգիական համակողմանի դաստիարակություն ապահովելն է՝ ասում է Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը․
«Մենք այս խնդրին անդրադառնում ենք ոչ միայն բարձրագույն կրթական համակարգում, այլ նաև հանրակրթական ու նախադպրոցական հիմնարկներում։ Եթե մանկապարտեզում երեխան զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ, սա արդեն «կանաչ» կրթության տարրական դրսևորում է։ Եթե երեխան հանրակրթական դպրոցում ճիշտ էկոլոգիական կրթություն է ստանում, ապա բոլոր առումներով նա հակված կլինի պահպանելու այս մոլորակը»։
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Էրազմուս + T-GREEN․ հետբակալավրի կրթության փոխակերպումը կանաչ և կայուն ապագայի» նախագիծը եռամյա է։ Այն համակարգում են «Եվրասիա» միջազգային համալսարանն ու Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշում է՝ «կանաչ» տնտեսությունը նոր հնարավորություններ է ստեղծում։ Հայաստանը ցանկանում է բնական ռեսուրսները կայուն օգտագործել, կենսաբազմազանության ոլորտում մի շարք ծրագրեր են իրականացվում։
«Մենք ունենք «ԵՄ–ն Սևանի համար» ծրագիրը, մի քանի շաբաթ առաջ պատիվ ունեցա ներկա լինելու նաև հիդրոօդերևութաբանական կայանի բացմանը ։ Այստեղ կազմակերպությունները հանձն են առել ջրի որակի պահպանման համար մոնիթորինգ իրականացնել։ Պետք է վստահ լինել, որ խմելու ջրի որակը Երևանում ու հանրապետության մարզերում համահունչ է առողջապահական ստանդարտներին»։
Բարձրագույն կրթություն – հետազոտություն կապը ապահովում են միջդիսցիպլինար մագիստրոսական կրթական ծրագրերը։ Այս նախագծի շրջանակում մի քանի բուհերում զուգահեռ մոտ 5 մագիստրոսական ծրագիր կիրականացվի։ Աննա Փոլադյանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոս է, գիտնական ու հետազոտող։ T-GREEN ծրագրի շրջանակում նա մագիստրոսական կրթական ծրագրերում նա ինտեգրումն ու բարելավումն է կարևորում։
«Գործընթացը սկսել ենք, որպեսզի մենք հետ չմնանք նմանատիպ ծրագրերից։ Նման մագիստրոսական ծրագրերը տալիս են և՛ գիտելիք, և՛ գործնական մասնագիտական կարողություններ։ Նպաստում են, որպեսզի «կանաչ» տնտեսության հետ կապված գիտելիքահեն կրթություն ստանան ուսանողները»։
«Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը որպես Հայաստանի համար կարևոր էկոլոգիական խնդիր, առանձնացնում է մթնոլորտային ջերմաստիճանի բարձրացումը, քանի որ այն հանգեցնում է կիսաանապատային տարածքների աստիճանաբար անապատացմանը․
«Բարեբախտաբար, մեզ մոտ կլիմայական լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, քանի որ լեռնային երկիր ենք, այստեղ բնությունը փոփոխվում է գոտիականությամբ։ Այստեղ հիմնական փոփոխությունները տեղի են ունենում Արարատյան հարթավայրում՝ մինչև 1000մ բարձրություններում»։
Մնացած նախալեռնային ու լեռնային գոտիներում էական փոփոխություններ չկան՝ ասում է Օհանյանը, ընդգծելով մակերևույթում տեղի ունեցող երևույթները։ Բուհում մտադիր են ավանդական ծրագրերը փոխարինել ապագային միտված ու «կանաչ» բովանդակությամբ ծրագրերով։
Ամբողջական նյութը տեսնելու համար սեղմեք հղումը: https://hy.armradio.am/archives/647512