Կրակովում կայացավ այս տարի մեկնարկած Եվրոպական միության Էրազմուս+ Ծրագրի շրջանակում համաֆինասավորվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» T-GREEN նախագծի հերթական աշխատաժողովը։
T-GREEN նախագծի հիմնական նպատակն է ԵՄ կանաչ գործարքի և կայուն զարգացման նպատակներին համահունչ աջակցել ՀՀ բուհերում մագիստրոսական կրթության փոխակերպմանը՝ ապահովելով ավանդական կրթական ծրագրերից անցումը դեպի ապագամետ, կանաչ և միջդիսցիպլինար ծրագրերի, խթանելով ուսանողների շարժունությունը և զարգացնելով համագործակցային կրթական ծրագրերի ներդրման մեխանիզմները։
2023 թ․ նոյեմբերի 21-ից 24-ը Լեհաստանի Կրակովի Յագելոնյան համալսարանում տեղի ունեցած աշխատաժողովին մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի մասնակից 17 բուհերի և այլ կառույցների ներկայացուցիչներ։ Մասնակիցներին ողջունեցին հյուրընկալող համալսարանի ներկայացուցիչները։ Համալսարանի ռեկտորի կրթության որակի գծով տեղակալ պրոֆ. Ռադոսլավ Ռիբկովսկին, քիմիայի ֆակուլտետի դեկան պրոֆ. Վոյցեխ Մացիկը և ծրագրի ինստիտուցիոնալ համակարգող դոկտոր Մարեկ Ֆրանկովիկսը ողջունեցին աշխատաժողովի մասնակիցներին, ներկայացրեցին հիմնական թեմաները, որոնք պետք է քննարկվեին աշխատաժողովի ընթացքում, ինչպես նաև տեղեկացրեցին Կրակովի համալսարանի տարբեր աշխատակիցների և հետազոտողների հետ անհատական հանդիպումների և քննարկումների հնարավորությունների մասին:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար, T-GREEN նախագծի համակարգող Վարազդատ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնելով Կրակովի համալսարանի ներկայացուցիչներին աշխատաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար` կարևորեց աշխատաժողովը ծրագրային մի շարք արդյունքների ապահովման և մասնակից կառույցների կարողությունների զարգացման առումով և մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին կրթական ծրագրերի մշակման եվրոպական ստանդարտներն ու պրակտիկան, այդ համատեքստում՝ շեշտադրելով կրթական վերջնարդյունքները, կրեդիտային համակարգն ու որակի ապահովման մեխանիզմները, ինչպես նաև ԵՄ երկրներում ընդունված կրկնակի և համատեղ որակավորումների, միկրոորակավորումների ազգային կանոնակարգերը, «կանաչ կրթության» առանձնահատկությունները և ծրագրի իրականացմանն առնչվող այլ հարցեր։
Մասնակիցներին հետաքրքրող որոշ հարցերի քննարկման ընթացքում առանձնակի դիտարկվել են հյուրընկալող համալսարանի փորձն ու ձեռքբերումները։ Աշխատաժողովի մասնակիցները հանդիպում ունեցան նաև Կրակովի Յագելոնյան համալսարանի ակադեմիական հարցերով պրոռեկտոր, պրոֆեսոր Արմեն Էդիգարյանի հետ և քննարկեցին եվրոպական կրթական տարածաշրջանի համար արդիական մի շարք խնդիրներ, մասնավորապես արհեստական բանականության գործիքների ազդեցությունը կրթական գործընթացի իրականացմանը, միկրոորակավորումների կիրառման հեռանկարները և այլն։
Հիշեցնենք, որ T-Green նախագծի հայաստանյան մասնակիցներն են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (համակարգող), Եվրասիա միջազգային համալսարանը (համահամակագրող), ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները։
ԵՄ գործընկերներն են՝ Միջազգային Հելլենիկ համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։