T-GREEN նախագծի արտագնա կարևորագույն միջոցառումը՝ «Մագիստրոսական ծրագրերի փորձնական իրականացման արդյունքների քննարկման աշխատաժողովը», տեղի ունեցավ Պորտուգալիայի Կաթոլիկ Համալսարանում (Պորտո) 2025 թ. դեկտեմբերի 2–4-ը։ Եռօրա այս միջոցառումն համախմբեց հայաստանյան և ԵՄ գործընկեր համալսարանների, ինչպես նաև նախագծի կոնսորցիումի այլ անդամների ներկայացուցիչներին՝ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Erasmus+ T-GREEN (Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի) նախագծի շրջանակներում մշակված մագիստրոսական ծրագրերի փորձարկման փուլերի արդյունքները վերլուծելու և համատեղ դրանց բարելավման ու երկարաժամկետ կայունացման ուղիները մշակելու հարցի շուրջ։
Աշխատաժողովի պաշտոնական բացումը կայացավ Պորտուգալիայի Կաթոլիկ Համալսարանի ներկայացուցիչների և նախագծի համակարգող հայկական կողմի ներկայացուցիչների ողջույնի խոսքերով։ Ելույթ ունեցողները շեշտեցին մագիստրոսական կրթության արդիականացման ռազմավարական կարևորությունը՝ հանուն կանաչ և կայուն զարգացման, ինչպես նաև վերահաստատեցին կոնսորցիումի միասնական հանձնառությունը համատեղ և կրկնակի կրթական ծրագրերի իրականացման ուղղությամբ։

ԵՄ գործընկեր համալսարանների ներկայացուցիչները ներկայացրեցին համապատասխան երկրներում (Պորտուգալիայի, Լիտվա, Լեհաստան, Հունաստան) առկա համատեղ, կրկնակի և բազմակի մագիստրոսական ծրագրերը կարգավորող իրավական շրջանակները, ազգային կանոնակարգերը և հաստատությունների ներքին ընթացակարգերը։ Ծրագրերի հանրայնացման, ուսանողների ներգրավման և ներքին կարգավորումների կիրառման վերաբերյալ իրենց փորձի ներկայացմամբ ԵՄ գործընկերները հայաստանյան իրենց գործընկերների հետ կիսվեցին համատեղ ծրագրերը եվրոպական չափանիշներին արդյունավետ համապատասխանեցնելու փորձով։
Հայաստանյան բուհերի ներկայացուցիչները ներկայացրեցին նոր մշակված, վերապրոֆիլավորված և փորձնական փուլով իրականացված մագիստրոսական ծրագրերը: Վերոհիշյալ մագիստրոսի ծրագրերը ընդգրկում են տնտեսագիտության, գյուղատնտեսության, ճարտարապետության, ճարտարագիտության, կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։ Ծավալվեց բաց և կառուցողական քննարկում ուսանողների ներգրավվածության ապահովման, դասընթացների վերանայման, մանկավարժական նորարարությունների և կանաչ ու կայուն զարգացման առաջնահերթություններին համապատասխանող ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած գործնական մարտահրավերների վերաբերյալ։ Բուհերի իրականացված ծրագրերի մասին ներկայացումները ներառում էին ինչպես ձեռքբերումները, այնպես էլ այն խնդիրները, որոնք պահանջում են լրացուցիչ փոխհամագործակցություն և կարողությունների զարգացում։
Վերջերս ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքը սահմանում է համատեղ մագիստրոսական ծրագրերի իրականացումն ապահովող համապարփակ իրավական դաշտ։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրին օրենքի հիմնական դրույթները։ Միևնույն ժամանակ կարևոր է նշել, որ օրենքի արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ է ընդունել լրացուցիչ նորմատիվ ենթաօրենսդրական ակտեր, որոնց մշակման գործընթացում T-GREEN նախագծի շրջանակներում ձեռք բերված փորձը կարող է բացառիկ արժեք ներկայացնել։ Աշխատաժողովի ընթացքում հայկական բուհերի ներկայացուցիչները մշակեցին համատեղ ծրագրերի հետագա իրականացման համար առաջարկություններ, իսկ կազմակերպված քննարկումները նպաստեցին համատեղ կրթական ծրագրերի գործնական մեխանիզմների առավել համապարփակ սահմանմանը։
Աշխատաժողովի ընթացքում քննարկում ծավալվեց T-Green նախագծի ամփոփիչ համաժողովի օրերի և կառուցվածքի վերաբերյալ։ Ամփոփիչ համաժողովը կկայանա Երևանում (Հայաստան) 2026 թ. փետրվարի 17–19-ը։
ԵՄ կողմից համաֆինանսավորվող T-Green նախագիծը մեկնարկել է 2023-ին: Այն հասցեագրված է բուհերում իրականացվող հետբակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին և այդ գործընթացում առաջնահերթ շեշտադրում է «Կանաչ» քաղաքականությունը։ Նախագիծը համակարգվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից (համակարգող) և ։ Եվրասիա միջազգային համալսարանի կողմից (համահամակարգող)։
Նախագծի հայաստանյան մասնակիցներն են՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները։
ԵՄ գործընկերներն են՝ Միջազգային հելլենիկ համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։

