Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկվեց ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում համաֆինասավորվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» T-GREEN նախագծի ընթացքը, նախանշվեցին առաջիկա գործողությունները։

Հունվարի 24-ին Բարձրագույն կրթոթյան և գիտության կոմիտեում կայացավ աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվեց անցած տարի մեկնարկած T-GREEN նախագծի շրջանակում իրականացված աշխատանքները։

Նախագծի կոնսորցիումը ներկայացնում էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար, T-GREEN նախագծի համակարգող  Վարազդատ Հովհաննիսյանը, ծրագրի համահամակարգող կառույց  հանդիսացող Եվրասիա միջազգային համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչներ Անգին Մարտիրոսյանը, Իրինա Վանյանը, ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության  բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։ Կոնսորցիումի ներկայացուցիչները համառոտ ներկայացրեցին նախագծի նպատակները, նախանշված գործողությունները, անցած ամիսների ընթացքում կատարված աշխատանքները և նախագծի կոնսորցիումում ներգրավված հաստատությունները։

Ի թիվս այլ հաստատությունների նախագծի կոնսորցիումում ներգրավված է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ստեղծվեց 2023 թվականին՝ որպես ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա մարմին։ Կոմիտեի գործունեության ոլորտները ներառում են նախկինում գործող ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Գիտության կոմիտեի և ԲՈԿ-ի, ինչպես նաև նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները՝ ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը և ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը: 

T-GREEN նախագծի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցում էին Կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Ծրագրերի իրականացման վարչության նորանշանակ պետ Լուսինե Գրիգորյանը, Բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության պետ Անի Վիրաբյանը և նույն վարչության միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Օֆելիա Զաքարյանը։

T-GREEN նախագծի համակարգող  Վարազդատ Հովհաննիսյանը հանգամանալից ներկայացրեց իրականացման ակտիվ փուլում գտնվող նախագծի երկրորդ աշխատանքային փաթեթի շրջանակում նախատեսված գործողությունները։  Մասնավորապես դիտարկվեցին Նախագծի շրջանակում մշակվող և կամ վերանայվող հետևյալ ազգային փաստաթղթերը՝

  • Կրթությունը հանուն կայուն զարգացման ճանապարհային քարտեզը,
  • Նոր «կանաչ» և միջգիտակարգային ծրագրերով համալրված մագիստրոսի մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկը,
  • Համագործակցային կրթական ծրագերի իրականացման համար կրեդիտների փոխանցման և ճանաչման ազգային և ինստիտուցիոնալ կանոնակարգերի շրջանակը։

Կոմիտեի ներկայացուցիչները էապես կարևորեցին կայուն զարգացման հայեցակարգի շեշտադրումը կրթական բարեփոխումների համատեքստում, և նշեցին որ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» հստակ ամրագրված է այս մոտեցումը։

Մասնավորապես, ծրագրի հիմքում դրված արժեքային և գործառնական սկզբունքների շարքում նշված է Եվրոպական կրթական տարածքի 2021-2030 ռազմավարական շրջանակով սահմանված «կանաչ» կրթության միջոցով շրջակա միջավայրի կայունության ապահովումը՝ հասարակությանը «Եվրոպական կանաչ գործարքի» վերաբերյալ իրազեկելու և ներգրավելու նպատակով: Օրենքից բխող գործողությունների ծրագրով նախատեսված է նաև բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում կրթական ծրագրերի արդիականացում, որի ընթացքում առանձահատուկ կարևորվում է «կանաչ» կրթության զարգացումը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց T-Green նախագծի արդյունավետ իրականացման նպատակով նմանատիպ ֆորմատով այլ հանդիպումներ կազմակերպելու մասին։

Send comment

Transforming Graduate Education For a Green And Sustainable Future

EN Co-funded by the EU_WHITE Outline

Funded by the European Union. Views and opinions expressed are however those of the author(s) only and do not necessarily reflect those of the European Union. Neither the European Union nor the granting authority can be held responsible for them.

T-Green © 2024. All rights reserved.