Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկվեց ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում համաֆինասավորվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» T-GREEN նախագծի ընթացքը, նախանշվեցին առաջիկա գործողությունները։
Հունվարի 24-ին Բարձրագույն կրթոթյան և գիտության կոմիտեում կայացավ աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվեց անցած տարի մեկնարկած T-GREEN նախագծի շրջանակում իրականացված աշխատանքները։
Նախագծի կոնսորցիումը ներկայացնում էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար, T-GREEN նախագծի համակարգող Վարազդատ Հովհաննիսյանը, ծրագրի համահամակարգող կառույց հանդիսացող Եվրասիա միջազգային համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչներ Անգին Մարտիրոսյանը, Իրինա Վանյանը, ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։ Կոնսորցիումի ներկայացուցիչները համառոտ ներկայացրեցին նախագծի նպատակները, նախանշված գործողությունները, անցած ամիսների ընթացքում կատարված աշխատանքները և նախագծի կոնսորցիումում ներգրավված հաստատությունները։
Ի թիվս այլ հաստատությունների նախագծի կոնսորցիումում ներգրավված է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ստեղծվեց 2023 թվականին՝ որպես ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա մարմին։ Կոմիտեի գործունեության ոլորտները ներառում են նախկինում գործող ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Գիտության կոմիտեի և ԲՈԿ-ի, ինչպես նաև նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները՝ ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը և ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:
T-GREEN նախագծի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցում էին Կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Ծրագրերի իրականացման վարչության նորանշանակ պետ Լուսինե Գրիգորյանը, Բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության պետ Անի Վիրաբյանը և նույն վարչության միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Օֆելիա Զաքարյանը։
T-GREEN նախագծի համակարգող Վարազդատ Հովհաննիսյանը հանգամանալից ներկայացրեց իրականացման ակտիվ փուլում գտնվող նախագծի երկրորդ աշխատանքային փաթեթի շրջանակում նախատեսված գործողությունները։ Մասնավորապես դիտարկվեցին Նախագծի շրջանակում մշակվող և կամ վերանայվող հետևյալ ազգային փաստաթղթերը՝
- Կրթությունը հանուն կայուն զարգացման ճանապարհային քարտեզը,
- Նոր «կանաչ» և միջգիտակարգային ծրագրերով համալրված մագիստրոսի մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկը,
- Համագործակցային կրթական ծրագերի իրականացման համար կրեդիտների փոխանցման և ճանաչման ազգային և ինստիտուցիոնալ կանոնակարգերի շրջանակը։
Կոմիտեի ներկայացուցիչները էապես կարևորեցին կայուն զարգացման հայեցակարգի շեշտադրումը կրթական բարեփոխումների համատեքստում, և նշեցին որ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» հստակ ամրագրված է այս մոտեցումը։
Մասնավորապես, ծրագրի հիմքում դրված արժեքային և գործառնական սկզբունքների շարքում նշված է Եվրոպական կրթական տարածքի 2021-2030 ռազմավարական շրջանակով սահմանված «կանաչ» կրթության միջոցով շրջակա միջավայրի կայունության ապահովումը՝ հասարակությանը «Եվրոպական կանաչ գործարքի» վերաբերյալ իրազեկելու և ներգրավելու նպատակով: Օրենքից բխող գործողությունների ծրագրով նախատեսված է նաև բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում կրթական ծրագրերի արդիականացում, որի ընթացքում առանձահատուկ կարևորվում է «կանաչ» կրթության զարգացումը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց T-Green նախագծի արդյունավետ իրականացման նպատակով նմանատիպ ֆորմատով այլ հանդիպումներ կազմակերպելու մասին։